ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ - 12.06.2008

Ինչպես հայտնի է, Համաժողովրդական շարժումը ծրագրել եւ դեռ մայիսի 12-ից հրապարակավ հայտարարել է հունիսի 20-ին անցկացնել հանրահավաք՝ վերականգնելու հայ ժողովրդի արդեն 3 ամիս ոտնահարված ազատ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը։
Հունիսի 9-ին, մինչ այդ մերժված 43 դիմումներից հետո, Շարժումը Երեւանի քաղաքապետարան է ներկայացնել Ազատության հրապարակում հանրահավաք, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնում ավանդական երթուղով երթ անցկացնելու մասին հայտ։ Հունիսի 12-ին Երեւանի քաղաքապետարանը որոշում է ընդունել հանրահավաքը եւ երթը արգելելու մասին։ Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ այդ օրը Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ նույն հրապարակում արդեն իսկ նախատեսված է ինչ-որ միջոցառում։ «Ժողովրներ, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը հստակ մատնանշում է, որ նման միջոցառման անցկացումը կարող էր արգելման հիմք ծառայել միայն այն դեպքում, եթե այդ միջոցառման վերաբերյալ վերոհիշյալ օրենքով սահմանված կարգով նախապես իրազեկում է տրվել։ Սակայն օրենքով նախատեսված քննարկման ժամանակ քաղաքապետի լիազոր-ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը պարզաբանել է, որ քաղաքապետարանի միջոցառումը չի իրազեկվել օրենքով սահմանված կարգով։ Ուստիեւ, համաձայն նույն օրենքի, այն չի կարող արգելման հիմք ծառայել։ Նույնքան հակաիրավական են երթի մերժման հիմնավորումները, որոնց հիմքում ընկած է ոստիկանության զավեշտալի մի գրություն, համաձայն որի նախատեսված երթը «կկազմալուծի տրանսպորտի բնականոն ընթացքը եւ իրական վտանգ կսպառնա միջոցառման մասնակիցների կյանքին եւ առողջությանը, կխախտվի հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը, ոչ իրավաչափորեն կսահմանափակվեն այլոց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները»։
Իշխանության նման կեցվածքը վկայում է այն մասին, որ նրանք սարսափած են սեփական ժողովրդի ամենատարրական ժողովրդավարական իրավունքների իրացումից եւ փոքրոգաբար դիմում են հակաիրավական ձեռնածությունների՝ խախտելով անգամ իրենց կողմից մտցված հակասահմանադրական դրակոնյան օրենքները։
Մենք այնուամենայնիվ ցանկանում ենք եւս մեկ շանս շնորհել իշխանություններին՝ հարցը քաղաքակիրթ եւ օրինական ճանապարհով լուծելու համար։ Ուստի մենք կվիճարկենք դատարանում սույն ապօրինի որոշումը, ինչպես նաեւ նոր հայտով կդիմենք քաղաքապետարան՝ հանրահավաքի եւ երթի անցկացման համար։ Կառուցողականություն եւ ճկունություն դրսեւորելով՝ մենք հանրահավաքի անցկացման համար, բացի Ազատության հրապարակից, կառաջարկենք այլընտրանքային վայր՝ Մատենադարանին կից տարածքը։
Շարժումն արդեն հայտարարել էր, որ, անկախ ռեժիմի կողմից ընդունված որոշումներից, հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է։ Մենք վերահաստատում ենք այդ օրը ազատ հավաքների սահմանադրական հիմնարար իրավունքի վերականգնման մեր վճռականությունը:
|