«Ժառանգություն»
կուսակցությունը` ի գիտություն ընդունելով իշխող կոալիցիայի 4
կուսակցությունների մայիսի 4-ի ընդհանուր հայտարարությունը, միաժամանակ
պահանջում է անհապաղ ուղղում մտցնել փաստաթղթի կետերից մեկում, որն
ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը եւ հատվածապաշտական ու
մոլորեցնող բնույթ ունի:
Եթե կոալիցիոն կուսակցությունների
իրական նպատակը լիներ հանրությանն ամբողջական ճշմարտության ներկայացումը
եւ քաղաքական երկխոսության համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումը, ապա
նրանք սույն հայտարարության մեջ հանիրավի չէին «հոլովի» Րաֆֆի
Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» անունը:
«Ժառանգությունը» գնահատում է կոալիցիայի` գործընկերային մասնակցության
հրավերը, սակայն լուրջ չի համարում, երբ իշխանությունը կամ նրա լիազոր
ներկայացուցիչները մերկապարանոց ոճով շեշտում են անկեղծ երկխոսության
հրամայականը, իսկ հետո ԶԼՄ-ներով հնչեցնում վիճահարույց
մեկնաբանություններ, որոնք միտված են քողարկել ստանձնած
պարտավորությունների մակերեսային ընկալումը եւ հանգեցնել այնպիսի
իրականության մատուցմանը, որն ամենալավատեսական գնահատանքի պարագայում
անգամ որեւէ աղերս չունի իրենց ասածների հետ:
Տասն օր առաջ, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հեռախոսազանգով
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին խնդրեց
համաձայնել ընդգրկվելու նախագահի կարգադրությամբ ձեւավորվող
միջգերատեսչական աշխատանքային խմբում, որը պետք է մինչեւ մայիսի 10-ը ԵԽԽՎ
1609-րդ բանաձեւի հետ կապված առաջարկների ցուցակ ներկայացնի նախագահին,
Հովհաննիսյանն ի թիվս այլ հանգամանքների տեղեկացրեց, որ ընտանեկան եւ
մասնագիտական պատճառներով ինքն այդ օրերին Հայաստանում չի լինելու:
Այդուհանդերձ` «Ժառանգության» ղեկավարը պատրաստակամություն հայտնեց
անհրաժեշտության դեպքում անմիջական ու իմաստալից երկխոսության մեջ մտնել
նախագահի եւ նրա աշխատանքային խմբի հետ: Ավելին` խմբի ամենօրյա
աշխատանքներին մասնակցելու համար «Ժառանգության» վարչությունը
Հովհաննիսյանի փոխարեն առաջարկեց խմբակցության քարտուղար Ստեփան
Սաֆարյանին, ում փաստորեն մերժեցին:
Իհարկե, կոալիցիան եւ նրա հայտարարությունների հեղինակներն ազատ են
գրելու այն, ինչ ցանկանում են: Բայց եթե սկզբունքայնությունը ոչ մի արժեք
չունի եւ եթե միակ նպատակը պարզապես Ստրասբուրգ տանելու համար պաշտոնական,
սակայն մեռելածին մի արձանագրություն ստեղծելն է, ապա նրանք Րաֆֆի
Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը» թող հեռու պահեն դրանից: Ինչպես, երբ
եւ որտեղ աշխատելու հարցում «Ժառանգությունն» անհարկի եւ ինքնանպատակ
քարոզների կարիք չունի:
Այս ամենով հանդերձ` եթե ԵԽԽՎ համապատասխան բանաձեւի եւ նրանում ներառված
պահանջների (որի օգտին նրա բոլոր պատվիրակները քվեարկել էին) վերաբերյալ
կոալիցիայի հայտարարության մեջ կա ներկա ճգնաժամի լրջության հստակ
ըմբռնում, ապա «Ժառանգությունը» պատրաստ է հավատով բանակցելու կոալիցիայի
եւ նրա ղեկավարի հետ` Հայաստանի եւ մեր ժողովրդի իրական ազգային վերածննդի
ծրագիրը կյանքի կոչելու համար:
Հավատով եւ բարի կամքով:
«Ժառանգություն» կուսակցություն
6 մայիսի 2008
Երեւան
|