ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երբ 2008 թվականի նախագահական ընտրությունների համատարած կեղծումից հետո վարչախումբն իրականացրեց մարտի 1-ի ոճրագործությունը և օրենսդրության կոպիտ խախտումներով` արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանից կորզեց ՀՀ Նախագահի պաշտոնը իր նախընտրելի թեկնածուին նվիրելու մասին որոշում, կարծիքներ էին հնչում, որ Համաժողովրդական շարժումն այլևս ի զորու չէ դիմակայել իշխանությունը բռնազավթած հանցագործներին:
Իրականում, այդ հակաօրինականությունների շարքը էլ ավելի վճռական և կազմակերպված դարձրեց հայ հասարակությանը, որն իր քաղաքացիական բարձր գիտակցությամբ արժանանում է թե գերտերությունների, և թե ժողովրդավարական արժեքների իրական դրոշակակիրը հանդիսացող միջազգային կառույցների լուրջ ուշադրությանը:
Հայաստանում ընթացող հետմարտիմեկյան զարգացումները միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ հայ հասարակությունն իր կազմակերպվածությամբ և պահանջներով էապես տարբերվում է հանցագործ վարչախմբի կողմից տարիներ շարունակ ներկայացվող կառավարելի ամբոխից և այդ հասարակության յուրաքանչյուր անդամ հանդես է գալիս իր երկրի տերը դառնալու համոզմունքով և կեցվածքով:
Որպես ասվածի վառ ապացույց նշենք միայն ամառային շոգ ամիսներին կազմակերպված մասսայական հացադուլները, տևական նստացույցերը և բազմահազարանոց հանրահավաքներն ու երթերը: Չափազանցություն չի լինի եթե ասենք, որ օգոստոսի 1-ի հանրահավաքի և երթի բազմամարդությունը տարվա այդ շրջանի համար աննախադեպ էր:
Հետընտրական ողջ ժամանակահատվածում Համաժողովրդական շարժմանն անմնացորդ մասնակցության արդյունքում, որպես քաղաքական գործիչ ես ինձ դրել եմ շատ ավելի պարտավորված կարգավիճակի մեջ: Եվ դա մեծապես պայմանավորված է Համաժողովրդական շարժման ողջ ծանրությունն իր ուսերին հավատարմորեն տանող հասարակության առավել ակտիվ հատվածի կողմից իմ հանդեպ դրսևորած անկեղծ վստահությամբ:
Եւ քանի որ հասարակության վստահության տրամաբանությունը ենթադրում է նրա իղձերին ու նպատակներին անվերապահորեն հավատարիմ մնալուն որևէ այլընտրանքի բացառում, իսկ հայ հասարակության բացարձակ մեծամասնությունն այսօր հանդես է գալիս «Հայ Ազգային Կոնգրեսի» կողմից ստանձնած առաքելությանը սատարելու ճանապարհով հասնել երկրում սահմանադրական կարգի հաստատման` ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման և լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման, ես հ ա յ տ ա ր ա ր ու մ ե մ.
- հավատարիմ մնալով «Նոր Ժամանակներ» կուսակցության գաղափարաբանության հիմքում դրված հիմնարար սկզբունքների, արժեքային համակարգի և գիտակրթական հայեցակարգի ողջ տրամաբանությանը;
- որպես քաղաքական գործիչ համոզված լինելով, որ Հայաստանում ընթացող ներքաղաական զարգացումները մեր հասարակության և պետության համար ցանկալի ելքեր կունենան բացառապես «Հայ Ազգային Կոնգրեսի» կայացման և հզորացման պարագայում, այս պահից ինձ հայտարարում եմ «Հայ Ազգային Կոնգրեսի» անդամ:
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ
|