Ուխտագնացություն
Մայիսի 18-ը հատկանշական օր էր <<Հատուկ Գունդ>> քաղաքացիական երիտասարդական նախաձեռնության անդամների համար: Ոխտագնացություն դեպի Էջմիածին` ի հիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի և ի երախտագիտություն այն փառավոր ու վսեմ գործի, որ արել է ՎԵՀԱՓԱՌԸ իր ժողովրդի համար կենդանության օրոք: 09:30-ին սկիզբը դրվեց Հյուսիսային պողոտայից` քաղաքական զբոսանքերի յուրատեսակ օրրանից, որտեղ հույսն ու հավատը, հայրենիքի հանդեպ սերն ու մարդկային արժանապատվությունը մեկտեղելու ավանդույթ են դարձրել Համաժողովրդական շարժման <<հերոսները>>: Հատուկ Գնդի անդամները նախ շարժվեցին դատախազության շենքի մոտ` ողջունելու և իրենց զորակցությունը հայտնելու հացադուլավորներին, որոնց թիվն արդեն հասել էր ինի: Այնուհետև Մաշտոցի պողոտայից նրանք ուղևորվեցին դեպի Էջմիածին: Չհասած Հռիփսիմե եկեղեցի` սկսվեց Հատուկ Գնդի անդամների` հոգևոր խորհուրդ ունեցող քայլերթը, որն ուղեկցվում էր նրանց բռունցքներով` դեպ վեր: Եռագույն ժապավեններ ձեռքերին`ի նշան միասնության, սպիտակ շապիկներ` ի նշան խաղաղության. ահա այն տարբերանշանները, որոնցով դժվար չէ ճանաչել Հատուկ գնդի անդամներին: << Մարդիկ սկզբում անտարբեր էին, հետո սկսեցին հարցեր տալ, իսկ վերջում անգամ մեզ հետ բռունզք էին բարձրացնում ճանապարհին: Մի պահ կանգ առանք Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, ծաղիկներ դրեցինք ու շարժվեցինք դեպի Մայր տաճար: Մինչև տաճարի մուտքի մոտ քայլել ենք բռունցքները վեր պարզած: Հետո Վազգեն առաջինի գերեզմանաքարին ծաղիկներ դրեցինք, կանգնեցինք շրաջանձև: Անդամներից մեկը մեր հոգու խոսքը բարձրաձայն կարդաց, հետո հարցրեց ` հայր Մերը գիտեք, մենք էլ պատասխանեցինք` հո ալբանացի չենք: >>,- պատմում է Հատուկ գնդի անդամներից մեկը:
Քանի որ <<Հատուկ Գունդ>> քաղաքացիական երիտասարդական նախաձեռնության անդամեների հոգու խռովքը , հիշատակի խոսքը, ինչպես նաև կոչը պարզապես մտքեր չեն, որոնք կարելի է հակիրճ մեկնաբանել, ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
<< Խոսք ի հիշատակ Վազգեն 1-ի … Մենք`<<Հատուկ Գունդ>> քաղաքացիական երիտասարդական նախաձեռնության անդամներս,լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, այսօր եկել ենք այստեղ` մեր հարգանքի տուրքը մատուցելու հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Վազգեն 1-ինի հիշատակին: Ամենածանր տարիներին նա միշտ եղել է իր ժողովրդի կողքին`պայքարելով անարդարության, ստի, կեղծիքի ու չարի դեմ: Անուրանալի է Վեհափառի դերը Հայաստանի անկախացման ու պետականության ստեղծման, կայացման գործում: Բավական է հիշել, որ հանուն իր ժողովրդի Վազգեն 1-ինը դիմել էր անգամ ամենածայրահեղ քայլին` հացադուլին: Այսօր Հայաստանում կա 100-ից ավել քաղբանտարկյալ և 10-ից ավելի հացադուլավոր: Համատարած խախտվում են քաղաքացիների անգամ ամենատարրական իրավունքները: Եվ այս ամենի հետ մեկտեղ կաթողիկոսի բարձրագույն գահը զբաղեցնող անձը զարմանալիորեն լռում է: Մենք, հավատարիմ մնալով Հայ առաքելական եկեղեցուն, խորը վրդովմունքով ու ցավով ենք արձանագրում սա: Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ փոխանակ, համաձայն իրենց կոչմանը և խղճի թելադրանքի, կանգնեն հալածվող ժողովրդի կողքին, լծվել են քոչարյանասերժական ավազակախմբի պաշտպանության գործին: Այնուամենայնիվ, ուրախությամբ պետք է նշենք, որ եկեղոցու 1000-ավոր սպասավորներ սատարում են Համաժողովրդական շարժմանը և պայքարում հանուն ազատ,անկախ,արժանապատիվ Հայաստանի: Մենք սթափության կոչ ենք անում բարձրաստիճան հոգևորականներին և հիշեցնում, որ նրանք կոչված են ծառայելու միմիայն ժողովրդի և եկեղեցու շահերին>>: Իսկ այնուհետև տերունական աղոթքը միաձայն ասելուց հետո Հատուկ Գնդի անդամները Մայր տաճարում մոմ վառեցին ` մարտի մեկի զոհերի հիշատակին: Արդեն ուզում էին վերադառնալ, երբ նկատեցին, որ որոշ մարդիկ շարքով կագնում են `վեհափառին դիմավորելու համար: Անգամ լրագրողներ կային: Հատուկ Գնդի անդամները նույնպես շարքով կագնել էին` բռունցքները դրած կրծքներին, որպեսզի դրոշները երևան: Շարունակելով արտահայտել իրենց խաղաղ բողոքը`սպասում էին հայոց այժմյան կաթողիկոսին, որը, սակայն, այդպես էլ չժամանեց: Երիտասարդները որոշել էին, որ երբ վեհափառը գա, բռունցքները բարձրացնելու են վեր, շրջվելով հեռանալու են ժողովրդին մոռացած և իր պարտքը չգիտակցող կաթողիկոսից: Բավականին երկար սպասելուց հետո նրանց մոտեցան ինչ-որ մարդիկ և հայտնեցին, որ կաթողիկոսը չի գալու, ուստի կարող են հեռանալ: Օրվա առաքելությունն արդեն իսկ կատարված էր, և, իրենց հոգու, հավատքի, սիրո խունկը տարածելով Մայր տաճարի շուրջը, <<Հատուկ Գունդ>> երիտասարդական նախաձեռնության անդամները վերադարձան Երևան: Օրն ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց. նրանք նորից այցելեցին հացադուլավորներին: Տեսնելով հայ երիտասարդների կամքն ու միասնականությունը` հացադուլավորները կարծես ավելի ոգեշնչվեցին և զինվեցին նոր ուժով ու համբերությամբ: Հատուկ Գունդը շարունակելու է իր պայքարը տարատեսակ ակցիաների ու ծրագրերի միջոցով միայն օրենքի սահմաններում և միայն խաղաղ ճանապարհով:
Մեր հաղթանակը մեր Ձեռքերում է…
Կազմեց` Ծով Անհաղթը
Հատուկ Գունդ
|