Շարժման երիտասարդների 1-ին կոնգրեսի
Հայտարարություն
Մենք` համաժողովրդական շարժման շուրջ համախմբված երիտասարդներս հայտարարում ենք. Հավատարիմ մնալով Համաժողովրդական շարժման ոգուն և 1-ին ու 2-րդ կոնգրեսներում արտահայտված դիրքորոշմանը` ամբողջապես սատարում ենք Շարժմանը և պատրաստ ենք պայքարի մինչև հաղթանակը: Լինելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջին սերունդը և անկախության գաղափարի կրողը` համարում ենք, որ մենք ենք մեր երկրի տերը և պնդում ենք, որ մեր երկրի իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդավարական ճանապարհով, և միայն ու միայն ՀՀ քաղաքացին է, որ պետք է իր որոշիչ դերն ունենա այդ գործընթացում: Փաստելով, որ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում և հետագա գործընթացներում ամբողջապես անտեսվել է ՀՀ քաղաքացու դերը և ընտրությունների ելքը որոշվել է ներկայիս ապօրինի վարչախմբի անմիջական միջամտությամբ, պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Մարտի 1-ին ՀՀ իշխանությունների անմիջական պատասխանատվությամբ տեղի ունեցած ոճրագործությունից հետո ստեղծված իրավիճակը, 100-ից ավելի քաղաքական բանտարկյալների և քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների առկայությունը, խոսքի ազատության սահմանափակումը, “ՀՀ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին” օրենքում կատարված խայտառակ բռնապետական փոփոխությունները բացառում են Հայաստանի` որպես իրավական և ժողովրդավարական պետություն զարգացման, օրենքի գերակայության և սահմանադրական կարգի վերականգնման համար: Հայաստանի Հանրապետության շահերից ելնող և ՀՀ քաղաքացիների պահանջներին համապատասխանող ԵԽԽՎ 2008թ. 1609 բանաձևի պահանջները մինչև օրս մնում են անկատար և կրում են զուտ իմիտացիոն բնույթ: ՀՀ իշխանությունների կամայականությունները, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի ապօրինի չարտոնելը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ մի քայլ չի կատարվում ստեղծված լարվածությունը թուլացնելու համար և ժողովրդին` խաղաղ հանրահավաքների միջոցով սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն տալու ուղղությամբ: Ուստի, հիմք ընդունելով այս ամենը` պահանջում ենք իրական քայլեր կատարել վերը թվարկված խնդիրների շուտափույթ լուծման համար:
Զգուշացնում ենք, որ զարգացումների ոչ ժողովրդավարական ընթացքը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՀ ներկա իշխանությունների, մասնավորապես` Սերժ Սարգսյանի և նրա կամակատարների վրա:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց ոգում կոտրել վախի զգացումը, վերագտնել ազատության շունչը և հետևողական պայքար մղել իրենց իրավունքների համար:
Ուստի, պայքար, պայքար մինչև վերջ:
Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական կառույց
“Հանրապետություն” կուսակցության երիտասարդական կառույց
“Ժառանգություն” կուսակցության երիտասարդական կառույց
“Նոր ժամանակներ” կուսակցության երիտասարդական կառույց
“Երիտասարդ պահպանողականներ” ՀԿ
“Այլընտրանք” հասարակական-քաղաքական նախաձեռնություն
“Արտ լաբորատորիա” մշակութային կազմակերպություն
“Հատուկ գունդ” երիտասարդական նախաձեռնություն
“ՍԿՍԵԼ Ա…” երիտասարդական նախաձեռնություն
“Մի խումբ ուսանողներ” երիտասարդական շարժում
“Ազգայնական ուսանողների խորհուրդ” ուսանողական շարժում
“ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնություն
Աննա Հակոբյան, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կին
Հրանտ Տեր-Աբրահամյան, հրապարակախոս
Թևոս Մաթևոսյան, քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի որդի
Դավիթ Մաթևոսյան, “Հրանտ Մաթևոսյան” հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր
|