Ցանկ
Բաժիններ
Կոչ Շտաբից [14]
Ընդհանուր [59]
Հատուկ Գունդ [19]
Թերթերը Մեր Մասին [14]
ԶԼՄ-ների կարծիքը մեր մասին
Մինի-Չատ
200
Հարցում
Հավատում եք Հաղթանակի?
Քվեարկողների ընդհանուր քանակը: 289
Գլխավոր » հոդված » Ընդհանուր

Լոբբիստական գործարքներ
2006-2007թթ. ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Ս.Սարգսյանի լոբբիստական գործարքների մասին 
 
Մեր տրամադրության տակ են ԱՄՆ արդարադատության նախարարության որոշ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ 2006-2007թթ. Սերժիկ Սարգսյանն ԱՄՆ-ում ու Եվրոպայում պատվիրել եւ իրականացրել է վճարովի լոբբիստական գործունեություն` ի նպաստ սեփական վարկանիշի ձեւավորման ու պրոպագանդման, որի համար հաշվետու վեց-յոթ ամիսներին վճարել է առնվազն 331.666 դոլար` «թեյավճարը» չհաշված:
Փաստաթղթերը ձեռք են բերվել ԱՄՆ արդարադատության նախարարության` Կոնգրեսին ներկայացվող կիսամյակային մի զեկույցից, համաձայն ԱՄՆ օրենսդրության, մասնավորապես` Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի: Ըստ այս օրենքի` ԱՄՆ-ում հօգուտ օտարերկրյա պատվիրատուի լոբբիզմ անող յուրաքանչյուր կողմ գրանցվում է երկրի արդարադատության նախարարության քրեական բաժանմունքում եւ իր գործունեության մասին կանոնավոր կիսամյա զեկույց է ներկայացնում նախարարություն` կցելով համապատասխան փաստաթղթերն ու գրառումները: Նախարարությունն իր հերթին օրենքի կատարման մասին կիսամյակային հաշվետվություն է ներկայացնում Կոնգրես` տեղեկություններ կցելով պատվիրատուների ու կապալառուների մասին` երկիր առ երկիր: Մեր տվյալները քաղվել են ԱՄՆ արդարադատության նախարարի (Attorney General)` Կոնգրես ներկայացվող 2006թ. 2-րդ եւ 2007թ. 1-ին կիսամյակների հաշվետվություններից: 2006թ. 1-ին կիսամյակում հայաստանյան պատվիրատու չի արձանագրված, իսկ 2007թ. 2-րդ կիսամյակի հաշվետվությունը դեռ չի հրապարակվել, ուստի մեր թվային տվյալները վերջնական չեն եւ կարող են աճել` նոր տեղեկություն ի հայտ գալուն զուգընթաց:
Ըստ փաստաթղթերի` հաշվետու ժամանակահատվածում (2006.11-2007.04) Սերժ Սարգսյանի օգտին լոբբիստական գործունեություն իրականացնելու համար վարձվել է ԱՄՆ-ի եւ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը` Burson-Marsteller-ը (այսուհետ` BM կամ ԲՄ), որն իր հերթին գործին ներգրավել է նաեւ դուստր կառույց BKSH-ին, ինչպես նաեւ իր բրյուսելյան մասնաճյուղը` ոչ միայն ամերիկյան, այլեւ եվրոպական կառույցների ու կառավարությունների առջեւ լոբբինգի նպատակով:
Հաշվետու 7 ամիսներին գործարքի համար հայկական կողմը վճարել է առնվազն 331.666 դոլար, որից 111.666 դոլարը` 2006-ին, իսկ 220.000 դոլարը` 2007-ին: 2007թ. ապրիլից հետո վճարումների մասին բաց տեղեկություն առայժմ չկա, սակայն ենթադրվում է, որ գործարքը նորացվել է, եւ վճարումները շարունակվել են:
2006-ի 2-րդ կիսամյա հաշվետվության մեջ ասվում է, որ BKSH-ն հօգուտ պատվիրատուի հանդիպումներ է կազմակերպել ու տեղեկատվություն հավաքել ՀՀ քաղաքականության վերաբերյալ` նույն նպատակով նաեւ շփումներ ձեռնարկելով ԱՄՆ կառավարության պաշտոնատար անձանց հետ: Ըստ նույն հաշվետվության` BM-ն իր հերթին հանձն է առել ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը տեղյակ պահել ՀՀ կառավարության եւ անձամբ Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքորոշումների ու գործունեության մասին:
2007թ. 1-ին կիսամյա հաշվետվության մեջ ասվում է, որ BKSH-ն շարունակել է «հօգուտ պատվիրատուի հանդիպումներ կազմակերպել եւ տեղեկատվություն հավաքել ՀՀ քաղաքականության վերաբերյալ: Միաժամանակ, BKSH-ն շփումներ է ձեռնարկել ԱՄՆ կառավարության պաշտոնատար անձանց հետ` Հայոց ցեղասպանության բանաձեւի եւ Հայաստանի նախարարի (իմա` Սերժ Սարգսյանի.- վերլ.) այցելության վերաբերյալ»: Ըստ նույն կիսամյակի հաշվետվության` BM-ը «տեղեկատվական նյութեր է տարածել` ամերիկյան հանրությանն ու ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը տեղյակ պահելու համար Հայաստանի կառավարության եւ նախարար Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքորոշումների եւ գործունեության մասին», ինչպես նաեւ «իրականացրել է նախարար Սերժ Սարգսյանին աջակցելու ծրագիր»:
Ի լրումն վերը նշված հաշվետվությունների, մեր տրամադրության տակ է նաեւ BM-ի եւ BKSH-ի կողմից Սերժ Սարգսյանի օգտին լոբբիզմ իրականացնելու մասին եւս երկու փաստաթուղթ. պայմանագրեր` ստորագրված 2006թ. սեպտեմբերի 26-ին ու հոկտեմբերի 23-ին, որոնցից երկուսում էլ իբրեւ կապալառու հանդես է գալիս ԲՄ-ը, իսկ իբրեւ պատվիրատու` գլենդեյլաբնակ ոմն Ստեփան Մարտիրոսյան:
Ըստ առաջին` 2006.09.26 պայմանագրի` ԲՄ-ը պարտավորվել է. ա) 2006թ. հոկտեմբերին 2-3 հոգանոց թիմ գործուղել Հայաստան (երկուսն` ԱՄՆ-ից, մեկը` Բրյուսելից)` համապատասխան անձանց հետ հանդիպելու եւ համատեղ ռազմավարություն մշակելու համար, բ) 2006թ. հոկտեմբերին Հայաստան գործուղել ԲՄ-ի ավագ օպերատիվ եւ BKSH-ի` հիմնադիր անդամ Չարլի Բլեքին, նախորդ այցի պայմանավորվածություններից ելնելով եւ դրանց արդյունքներին հետամուտ, քաղաքական խորհրդատվություն իրականացնելու նպատակով:
Այս ծառայությունների դիմաց հայկական կողմը պարտավորվել է վճարել միանվագ կանխիկ 80.000 դոլար` գումարած եւս 4.500 դոլար ճանապարհորդական ապահովագրության համար, ինչպես նաեւ բոլոր 4 աշխատակիցների գործուղման ճանապարհածախսը` բիզնես կարգ եւ կեցության ու սննդի ծախսերը: Այս պայմանագիրը կնքվել է մեկ ամսով` մինչեւ 2006թ. հոկտեմբերի 31-ը, որի ընթացքում ԲՄ-ը պարտավորվել է իրականացնել վերը նշված այցերը` պայմանով, որ աշխատանքը չի սկսվի մինչեւ ԲՄ-ին չվճարվի առնվազն 93.000 դոլար կանխավճար:
Ըստ երկրորդ` 2006.10.23 պայմանագրի` ԲՄ-ը պարտավորվել է իր եւ BKSH-ի կողմից իրականացնել հետեւյալ ծառայությունները. ա) պրոպագանդել Հայաստանը` իբրեւ դիվանագիտական գործընկերության եւ միջազգային ներդրումների համար ապահով եւ կայուն երկիր, բ) իրականացնել նախարար Սարգսյանի համար նպաստավոր տեղեկատվության ձեւավորման եւ նրա վարկանիշի զարգացման երկարաժամկետ ծրագիր:
Պայմանագիրն այնուհետ նշում է ԲՄ-ի կողմից այս ծառայությունների իրականացման ձեւերը. համապատասխան նյութերի մշակում, ԶԼՄ-ների հետ շփումների նախաձեռնում, հարցազրույցների կազմակերպմանն ու նրանց` Հայաստան այցելություններին նպաստում, ելույթների կազմակերպում, ճառերի նախագծերի պատրաստում, համապատասխան կողմերի հետ կոնտակտների հաստատում եւ նպաստում նրանց հետ հանդիպումների կազմակերպմանը:
Այս ծառայությունների դիմաց հայկական կողմը պարտավորվել է ԲՄ-ին վճարել ամսական 65.000 դոլար` գումարած բոլոր կարգի ասոցացված ծախսերը` փոստային, դիսպետչերական, միջազգային հեռախոսակապի, լուսանկարային, ճանապարհորդական եւ այլն, ինչպես նաեւ 3-րդ կողմ հանդիսացող ենթակապալառուների ծառայությունները, որոնց ներկայացրած վճարահաշիվներին կգումարվի նաեւ 17.65% հավելավճար:
Պայմանագիրը նաեւ նշում է, որ ի հավելումն վերը նշված միջոցառումների, ԲՄ-ը կարող է նաեւ Հայաստան գործուղել զանազան թիմեր, ընդ որում` տիպային 3 հոգանոց թիմի` 2-3 օր տեւողությամբ այցը կարժենա 50.000 դոլար, իսկ այլ մեծ կամ փոքր թիմերի այցերի եւ դրանց ֆինանսական պայմանների շուրջ համաձայնությունները կկայացվեն առանձին ենթապայմանագրով ու բյուջեով:
Այս պայմանագիրը նախապես կնքվել է 7 ամսով` 2006.11.1-2007.05.31: Արդյո՞ք այն երկարաձգվել է կամ նոր պայմանագիր է ստորագրվել` դժվար է ասել. 2007թ. 2-րդ կիսամյակի հաշվետվությունը դեռ հրապարակված չէ: Կարելի է ենթադրել, որ գործարքը շարունակվել է նաեւ 2007թ. 2-րդ կեսին եւ ընդհուպ մինչեւ 2008թ. փետրվար, քանի որ հենց այդ ժամանակահատվածն է համընկնում ՀՀ-ում ընտրական շրջանին` մի հանգամանք, որ թվում է, թե եղել է լոբբիստական գործունեություն պատվիրելու` Սերժ Սարգսյանի հիմնական շարժառիթը:
Վերոհիշյալ փաստերի համադրումը մի շարք ուշագրավ դիտողություններ, կարծիքներ ու եզրակացություններ է առաջ բերում.
2006-2007թթ. Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում ու Եվրոպայում իրականացրել է վճարովի լոբբիստական գործունեություն` օտարերկրյա պետությունների ու եվրոպական կառույցների առջեւ սեփական իմիջի ձեւավորման ու պրոպագանդման, արեւմտյան ԶԼՄ-ներում նույն թեմայով բարենպաստ նյութերի տարածման, ինչպես նաեւ այդ պետությունների ու կառույցների ղեկավարների հետ հանդիպումներ իրականացնելու եւ դրանց կազմակերպումն արագացնելու նպատակով: Այդ գործունեությունը զուգադրվել է նրա` ՀՀ վարչապետի գործունեության հետ` հանգեցնելով պետական ու անձնական խնդիրների միահյուսման եւ անձնական նպատակներով պետական դիրքի ու դրա ընձեռած հնարավորությունների օգտագործման: Այս ամենը տեղի է ունեցել ՀՀ նախագահական ընտրություններին նախորդած երկու տարիների ընթացքում` ընդհուպ մինչեւ Հայաստանում նախընտրական շրջանը, ինչը հնարավորություն է տալիս խնդիրը դիտել նաեւ Հայաստանում նախագահական ընտրությունների ենթատեքստում:
Իր լոբբիստական ռազմավարության մեջ Սերժ Սարգսյանն առաջնորդվել է եղած նյութական ռեսուրսների շրջանակում ամենալայն հնարավոր լսարան ձեւավորելու եւ ամենաընդգրկուն կոալիցիաներ կառուցելու սկզբունքով:
Օրինակ` ԲՄ-ի բելգիական մասնաճյուղի ներգրավումը հնարավորություն է տվել լոբբիզմ ծավալել ոչ միայն ԱՄՆ-ում, ուր դա ավանդական երեւույթ է, այլեւ եվրոպական պետություններում ու կառույցներում` ներառյալ Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդը, ինչը լոբբիզմի քաղաքական տեխնոլոգիայի կիրառման համեմատաբար նոր ոլորտ է (ուստիեւ` զարմանալի չէ, որ Եվրոպայում այդ պրակտիկայի առաջատարներից մեկը` ԲՄ-ը, ամերիկյան ընկերություն է): ԲՄ-ի բրյուսելյան մասնաճյուղն իր խնդիրները սահմանում է մի պարադիգմայի շրջանակներում, որի էությունն է. «Ազդել եվրոպական քաղաքականության վրա` ներառյալ ԵՄ 27 պետություններն ու 3 կառույցները` հանձնաժողովը, խորհրդարանն ու նախարարների խորհուրդը, ընդսմին ոչ միայն պարզապես ազդելով բուն հաստատությունների, այլեւ դրանց շրջապատող միջավայրի վրա»: Ասել է թե` ԲՄ-ի բրուսելյան մասնաճյուղի ներգրավումը Եվրոպայում Սերժ Սարգսյանի օգտին լոբբիզմի մեջ որոշ չափով բացատրում է այն մեղմ մոտեցումները, որով եվրոպական կառույցներն աչքի ընկան ՀՀ նախագահական ընտրությունների ողջ գործընթացում` չնայած բազմաթիվ խախտումներին ու կեղծարարությանը: Միաժամանակ հնարավոր չէ նաեւ անտեսել այն, երբ փորձ է արվում հասկանալու նշված ֆենոմենը:
BKSH-ի 2007թ. 1-ին կիսամյակի հաշվետվության մեջ ասվում է, որ ընկերությունը կոնտակտներ է ունեցել ԱՄՆ վարչակազմի պաշտոնատար անձանց հետ` Հայոց ցեղասպանության հարցի եւ Սերժ Սարգսյանի այցի հետ առնչվող: Հարցերի այսպիսի զուգադրում` անձնական լոբբիզմ եւ Ցեղասպանության խնդիր, BKSH-ի նախորդ կիսամյա հաշվետվության մեջ չի եղել: Դրա գոյությունը թույլ է տալիս ենթադրել, որ Սերժ Սարգսյանի եւ ամերիկահայ համայնքի հիմնական լոբբիստական կառույցների միջեւ երկխոսության, ընդհուպ` համագործակցության փորձ է եղել, հենվելով երկուստեք շահի վրա. 2007-ը Սարգսյանի համար նախընտրական տարի էր, իսկ ամերիկահայ համայնքի համար` Ցեղասպանության վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի (H.Res.106) առաջմղման:
Ուստիեւ, պետք չէ բացառել, որ 2006թ. վերջին կամ 2007թ. սկզբին Սերժ Սարգսյանի եւ ամերիկահայ կառույցների միջեւ (Հայկական համագումար, Հայ դատի հանձնախումբ, Գաֆեսճեանի հովանավորությամբ գործող USAPAC, ինչպես նա այլ շահագրգիռ հաստատություններ) համաձայնություն է ձեւավորվել, ըստ որի համայնքային կառույցներն ընդունել են Ցեղասպանության բանաձեւի առաջմղմանն ի նպաստ Սարգսյանի ֆինանսական հատկացումները` փոխարենը հանձն առնելով իրենց դիրքորոշումներում ներդաշնակ մնալ թե ԱՄՆ-ում նրա լոբբիստական գործունեությանը եւ թե Հայաստանում նրա նախագահական ձգտումների հետ:
ԲՄ-ի ընտրությունը` իբրեւ գլխավոր կապալառու, Սերժ Սարգսյանին ելք է տվել ամերիկյան հասարակական վերնախավի թե հանրապետական, թե դեմոկրատական թեւերին, ընդ որում` երկու կողմի այն հատվածներին, որոնք ակտիվորեն ներգրավված են ԱՄՆ-ի ներկայիս նախագահական ընտրարշավում: ԲՄ-ի հիմնադիրը Մարկ Փենն է (Mark Penn)` մինչեւ վերջերս Հիլարի Քլինթոնի ընտրարշավի ղեկավարը, իսկ ԲՄ-ի դուստր ձեռնարկություն BKSH-ի հիմնադիր պարտնյոր Չարլի Բլեքը (Charlie Black), որը նաեւ Սարգսյանի ենթակապալառուն է եւ այդ որակով առնվազն մեկ անգամ` 2006 թ. հոկտեմբերին այցելել է Հայաստան` Ջոն ՄըքՔեյնի ընտրարշավի ֆինանսական ղեկավարը: Հաշվի առնելով, որ Սարգսյանի օգտին լոբբինգ իրականացրել են թե ԲՄ-ը եւ թե BKSH-ն` պետք է նկատել, որ Սարգսյանն աշխատել է, փաստորեն, երկու թիմերի հետ էլ: Պետք է նշել, սակայն, որ անցած ամիս Մարկ Փենը հրաժարական տվեց Քլինթոնի նախընտրական շտաբից` Կոլումբիայի կառավարության օգտին իր լոբբիստական գործունեության բերումով արտահայտած մի դիրքորոշման համար, որը հակասության մեջ էր նույն խնդրում (Կենտրոնա-ամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիր, CAFTA) Հիլարի Քլինթոնի նախընտրական դիրքորոշման հետ: Մյուս կողմից` անցած շաբաթ ՄըքՔեյնի նախընտրական շտաբից հրաժարական տվեց նաեւ Չարլի Բլեքը` օտարերկրյա պատվիրատուների օգտին լոբբիստական գործունեության համար, այն բանից հետո, երբ ՄըքՔեյնը որոշում ընդունեց սահմանափակել իր նախընտրական շտաբում լոբբիստների գործունեությունը` այն հանդուրժելով միայն հասարակական հիմունքներով, անվճար:
Սերժ Սարգսյանի` ԱՄՆ-ում ու Եվրոպայում իրականացրած լոբբինգը հարցադրումներ է առաջ բերում, որոնք վերաբերում են ՀՀ պետական կառավարման թափանցիկությանն ու հաշվետու բնույթին: ՀՀ վարչապետի պաշտոնական ու անձնական նպատակների համար ավելի քան 300.000 դոլարի վճարում է կատարվել օտարերկրյա լոբբիստական ընկերություններին: Անհրաժեշտ է պարզել ինչպես այդ գումարի ծագումը, այնպես էլ գործարքի վերաբերյալ կառավարության` իրազեկ լինել-չլինելու եւ այն արտոնելու հանգամանքը, ինչպես նաեւ գործարքում հայկական կողմի շահերը ներկայացնող Ստեփան Մարտիրոսյանի անձն ու լիազորությունները: Կարծում ենք նաեւ, որ օգտակար կլինի հետամուտ լինել գործարքի շրջանակներում Հայաստան եկած պատվիրակությունների այցերի, ինչպես նաեւ նույն նպատակով Հայաստանից դուրս կայացած հանդիպումների մանրամասների բացահայտմանը:
Հասկանալով հանդերձ ԱՄՆ-ում լոբբիզմի դերն ու տարածվածությունը` Սերժ Սարգսյանի լոբբիստական գործարքը հստակ շահային կոնֆլիկտ ունի` պետական ու անձնական օրակարգերի միահյուսում, ինչն ամենայն հավանականությամբ հակասում է թե հայկական, թե ամերիկյան օրենսդրության որոշ դրույթների. ըստ այդմ` այն անթույլատրելի է եւ հավանաբար` ապօրինի: Բացառված չէ նաեւ, որ գումարի աղբյուրի պարզաբանումը թույլ տա խոսել նաեւ այլ հնարավոր իրավախախտումների մասին:

Նյութը Ժամանակ Երևան թերթից ` www.zhamanak.com



Կատեգորիա: Ընդհանուր | Ավելացլել Է: Crusaderam (08.06.2008)
Դիտումներ: 434 |Գնահատական: 5.0/1 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Փնտրում
Գործընկերներ
 
 
 
Քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը բացել է հաշվեհամար: Ովքեր կցանկանան օգնել քաղբանտարկյալների ընտանիքներին, կարող են փոխանցել իրենց գումարները հետեւյալ հասցեով. Արդշինինվեստբանկի Հրազդանի մասնաճյուղ, Արշավիր Սուրենի Բոզինյան, հաշվեհամար` 247 640 037 245 0010:
Անանուն մնալ ցանկացող նվիրատուներին առաջարկում ենք դիմել Ժիրայր Սեֆիլյանին (հեռ. 094 407609) կամ Կարապետ Ռուբինյանին (հեռ. 093 900915): Նվիրատուներին կտրվի ստացական` Արշավիր Բոզինյանի ստորագրությամբ:
Ով Կա?

Այս պահին ակտիվ են 1
Հյուրեր 1
Հատուկ Գունդ 0
Copyright Հատուկ Գունդ Ե/Ն © 2024
Хостинг от uCoz