Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Կենտրոն» համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: Կենտրոնում թաղապետի պաշտոնի համար պայքարում էին գործող թաղապետ, հանրապետական Գագիկ Բեգլարյանը և ընդդիմության թեկնածու, «Կենտրոնի» նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը: Ըստ ԿԸՀ տվյալների` Գագիկ Բեգլարյանը հավաքել է 22369 ձայն, իսկ Արարատ Զուրաբյանը` 8085: Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը ահազանգում էր ընտրախախտումների մասին, որոնք, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, տեղի են ունեցել պարբերաբար: Նշենք նաև, որ, ինչպես և Նոր Նորք համայնքում, ընտրություններին մասնակցած անձանց թիվը չափազանց փոքր է եղել` աննշան գերազանցելով 30 տոկոսը: Այսպես` գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, կազմել է 31691, այնինչ ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը եղել է 91000: Այլ տեխնիկական արդյունքներ. Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 59304 Անվավեր քվեաթերթիկների թիվը` 1117 Օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը` 31716 Վավեր քվեաթերթիկների թիվը` 30454 Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը` 31568 Անճշտությունների չափը` 315
|